ԱԺ արտահերթ նիստի վերջին օրը կազմակերպված քվեարկություններն ընդդիմության ներկայացուցիչներին վերստին առիթ տվեցին հայտարարելու, որ մեծամասնությունը կեղծել է քվեարկության արդյունքները: Ինչո՞ւ ՀՀԿ-ն չի կարող առանց կեղծիքների քվեարկություն կազմակերպել՝ այս մեղադրանքին ո՞րն է ՀՀԿ-ի պատասխանը։ Հարցն ուղղեցինք խմբակցության ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ:
-Իմ ձեռքի տակ են բոլոր քվեարկությունների արդյունքները,- փաստեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը։- Իրենք հիմնականում խոսում են կուտակային կենսաթոշակայինի քվեարկության մասին, որի երեք ընթերցումների պատկերն ինձ մոտ է: Եթե մի մարդ կգտնեն, որ քվեարկել է ուրիշի փոխարեն, ես իրենց հետ միասին կստորագրեմ ՍԴ դիմելու փաստաթղթի տակ: Չի եղել նման դեպք: Նրանք պարզապես խուճապի մատնվեցին, երբ տեսան, որ քվորում կա: 20 րոպե ընդմիջում վերցնելուց հետո, երբ այդ օրենքը դրվեց քվեարկության, հստակ նշված է, թե ով չի եղել դահլիճում, ով չի քվեարկել: 41-րդ ընտրատարածքից ընտրված Հակոբ Հակոբյանի մասին են խոսում ու հայտարարում, թե չի քվեարկել: Նա առաջին ընթերցման ժամանակ, երբ փոքր ուշացումով դահլիճ մտավ, ասաց` ես կողմ եմ, ասացինք` ոչ, ժամանակին գայիր, քվեարկեիր: Այսինքն, նույնիսկ նրա ձայնը չենք թողել հաշվեն: Արդեն երկրորդ, երրորդ ընթերցումներին քվեարկել է: Անխտիր բոլորի քվեարկությունը նշված է, թող գան ու ապացուցեն, որ որևէ մեկը չի եղել, բայց քվեարկել է: Պարզապես նրանք նախորդ օրվա քվորումի տապալումից հետո, որը օբյեկտիվ պատճառ ուներ, քանի որ մեր խմբակցության անդամները գործուղման էին, ոգևորվեցին և գրանցմանը չմասնակցեցին։ Բայց դա էլ չփրկեց։ Ընդամենը մի քանի րոպեի ընթացքում կարողացանք քվորում ունենալ։ Ընդդիմության համար այս քայլը զուտ ձախողման պատրվակ էր և ապատեղեկատվություն տարածելու առիթ, որպեսզի ԱԺ-ի դիմաց ցույց անողներին «աչքալուսանք տային», թե կատարվել է կեղծ քվեարկություն։ Մեր խմբակցության նիստում ես սկզբունքորեն հայտարարել եմ, որ արջի ծառայություններ մեզ պետք չեն։ Եթե քվորումի համար չենք կարողանում ապահովել բավարար ձայն, կգործի երեքժամյա ռեժիմը, իսկ օրենքների պարագայում դրանք չեն ընդունվի։ Պարզապես ընդդիմությունն անհավատության մթնոլորտ է ստեղծում և շանտաժի միջոցով ցանկանում նիստերը բոյկոտել։
-ԱԺ ամբիոնից Դուք բավականին կոշտ ձևակերպումներով ընդդիմությանը պատասխանեցիք՝ նրանց որակելով «պնդաճակատներ»։ «Եթե փորձում եք ձախողելու, վայրահաչելու, կեղտոտելու միջոցով գալ իշխանության, դա ձեզ չի հաջողվելու»,- ասել էիք Դուք։
-Նախ` «պնդաճակատություն» որակումը սկսվեց նրանցից։ Հայտարարեցին, թե «պնդաճակատությամբ» մեծամասնությունն ուզում է օրենքներ անցկացնել։ Մեր խմբակցությունից ընդդիմության որևէ ներկայացուցչի հասցեին երբևէ վիրավորանք չի եղել։ Պարզապես նրանք սովորել են, որ իրենց ասածներին պատասխաններ չտրվեն։ Նրանց բառապաշարին նայեք՝ «վամպիր», «թալանչի», «ավազակապետություն», «խուլիգաններ»։ ՈՒ այս ամենի առնչությամբ ՀՀԿ-ն մշտապես լռել է, մտածելով, որ արհամարհանքը կհասկանան։ Բայց նրանք այդ լռությունը դիտարկել են որպես համաձայնության նշան։ Հիմա ստիպված ասում ենք՝ մարդկանց վիրավորանքներ մի հասցրեք։ Հետո էլ, արդյոք կա՞ այն «ինդիկատորը», որով չափվում է, թե ով է ավելի շատ ժողովրդի մասին մտածում, ով է ավելի հայրենասեր։ Որոշ մարդիկ ժողովրդին շփոթության մեջ են գցում, հայտարարելով, թե իրենք են միայն ազգի մասին մտածում։
-Քառյակի 12 պահանջները հրապարակելուց հետո հայտարարեցիք, թե ընդդիմությունը մտնում է կառուցողական դաշտ, սակայն դրան հետևեցին Ձեր վերոնշյալ խիստ որակումները։ Հիմա, ըստ Ձեզ, ընդդիմությունը ո՞ր դաշտում է։ Նկատենք, որ օրերս էլ էլեկտրաէներգիայի թանկացման առնչությամբ են մի քանի կետեր հրապարակել։
-Ժամանակին, երբ իրենց պահանջները ներկայացրին, մենք ողջունեցինք։ Ես ասացի նաև, որ մարդիկ ցանկանում են մտնել կառուցողական դաշտ, վստահեցնելով, որ պատրաստ ենք ցանկացած կետ քննարկելու։ Ի դեպ, այդ կետերից շատերն ընդգրկված են կառավարության ծրագրում։ Շատ կարճ ժամանակ անց դրանց մեծ մասին անդրադարձ եղավ, այդ թվում՝ «Շրջանառության հարկի մասին» օրենքը, տեսախցիկների, տուգանքների կրճատման հարցը, կուտակային կենսաթոշակայինի խնդիրը և այլն։ Սկզբում քննարկումները շատ նորմալ էին ընթանում, հետո քառյակը մտածեց՝ եթե քննարկում են, մենք չենք կարողանա մեր ընդդիմադիր կեցվածքը պահել։ Սկզբում ասացին, որ եթե կուտակային կենսաթոշակայինի հետ կապված իրենց կետերը չենք ընդունում, ուրեմն հակասահմանադրական են մեր քայլերը։ Այդպես չի լինում, եղբայր։ Ասացինք՝ եկեք քննարկենք, բայց նրանք չեն ուզում լավ բաները տեսնել։ Օրինակ, այս օրենքի առնչությամբ ՀՅԴ-ի վերջին առաջարկությունները, եթե ուշադիր նայեք, բավականին համընկնում են մեր նախագծի հետ։ Բայց իրենք չեն ուզում դա տեսնել, խոստովանել։ Մենք ասում ենք՝ այսօրվա կառավարության հնարավորությունները սրանք են, ու խնդիրը փուլերով այսպես կարող ենք լուծել։
-Չնայած Դուք նկատում եք, թե ընդդիմությունը չի ցանկանում խոստովանել, որ իր առաջարկները համընկնում են իշխանության ծրագրի հետ, նույնը կարելի է ասել նաև իշխանության պարագայում, քանի որ ՀՀԿ ներկայացուցիչները չեն ցանկանում ասել, որ իրենք այդ խնդիրներին ուշադրություն են սևեռել նաև ընդդիմության պահանջով։
-Արդեն նշեցի, որ նրանց կետերից շատերն ընդգրկված են կառավարության ծրագրում։ Չեմ ուզում մրցույթ հայտարարել, թե ով է առաջինը ներկայացրել այդ առաջարկները։ Խնդիրը կա, որը պետք է լուծել։ Նոր կառավարություն ձևավորելուց հետո վարչապետն իր մտահոգությունները հայտնեց, որտեղ փաստված էին նաև այդ խնդիրները։ Կարող էր լինել 20-30 կետ, մենք պատրաստ ենք բոլորն էլ քննարկելու։ Բայց սա չի նշանակում, որ այնտեղ նշված որոշ պոպուլիստական կետերին պետք է լուծումներ տրվեն, քանի որ չենք կարող ասել՝ եթե ընդդիմությունը նշել է այդ մասին, ուրեմն պիտի կատարվի։ Օրինակ, ի՞նչ է նշանակում մեզ օժտեք վերահսկողական լիազորություններով՝ առանց որևէ պատասխանատվության։ Խնդրեմ, ԱԺ-ն ձեզ տալիս է վերահսկողական լիազորություններ, գնացեք, վերահսկեք։
-Հետաքրքիր է, որ արտահերթ նիստում արձանագրված իրավիճակի վերաբերյալ այսպիսի տեսակետ ևս կա՝ քվորումի տապալումը ձեռնտու էր վարչապետին, քանի որ նա փորձում էր ցույց տալ, թե իրենից հետո ԱԺ-ն անվերահսկելի է դարձել։
-Այդ ո՞ւմ «խելացի» տրամաբանությունն է նման միտք հղացել։ Առաջին հերթին, եթե ԱԺ-ում ինչ-որ բան ձախողվեր, դա կառավարության դեմ էր գործում։ Եթե 70 պատգամավորներից 68-ը ներկա են եղել, ի՞նչ ձախողման մասին է խոսքը։ Զարմանում եմ նման տեսակետ հայտնողների վրա։ Նոր կառավարությունն իր առաջին արտահերթ նիստն էր հրավիրում, ու պատկերացնո՞ւմ եք՝ դա տապալվեր։ Ո՞Ւմ էր դա հարվածելու, բնականաբար, վարչապետին։ Այսինքն, վարչապետն ինքն իր դեմ հարվա՞ծ էր նախապատրաստում։ Ո՞վ կարող է այս ամենի մեջ մեղադրել ՀՀԿ խմբակցությանը, իբրև թե թերացումներ է ունեցել, մեկ-երկու րոպե ուշացումների առնչությամբ էլ խմբակցությունում մշտապես ասվում է, որ մեր պատգամավորական պարտականությունն է նիստերին ներկայանալը, ու դա պետք է անեք։ Աստիճանաբար այդ զանգերը, զգուշացումները վերացվում են, մնում են միայն հիշեցումները, թե արտահերթ նիստ է և նախատեսված են քվեարկություններ։ Ավելին ասեմ. նիստի բարեհաջող ընթացքի համար ամենաշատն անհանգստացած է եղել երկրի վարչապետը, որ իր առաջին նիստին ներկա լինեն բոլորը։
Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ